2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային թվային համակարգով։ Մինչ այդ, 2025 թվականի հուլիսի 1-ից, այդ համակարգի կիրառումը գործելու է կամավորության սկզբունքով։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները։ Նրանք լրացնելու են աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը։ Բացի դրանից, գործատուն կարող է աշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե դրա կարիքը տեսնում է։ Գործատուն և աշխատողն իրենք կարող են որոշել՝ հարթակում այդ ինֆորմացիան ավելացնեն, թե դա լինի առանձին համաձայնագրերի միջոցով»,– ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ գործատուն, լրացնելով պայմանագրի բոլոր պարտադիր դաշտերը, այն կստորագրի էլեկտրոնային եղանակով։ Նա նաև կարող է այլ անձի լիազորել իր անունից ստորագրելու համար։ Աշխատանքի ընդունվողն իր էլեկտրոնային հասցեին ծանուցում կստանա պայմանագրի ստեղծման մասին։
«Աշխատիքի ընդունվողի համար այդ ամենը տեղի է ունենում «Ես եմ» հարթակում։ Մուտք գործելով հարթակ՝ աշխատանքի ընդունվողը տեսնում է իր համար ստեղծված պայմանագիրը, և եթե համաձայն է, դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը»,– պարզաբանել է Սարգսյանը։
Բացի պայմանագրի ստորագրման գործընթացից, համակարգում հնարավոր կլինի նաև փոփոխություններ կատարել պայմանագրերում, ինչպես նաև նույն հարթակի միջոցով կտրվեն աշխատանքից ազատվելու հրամանները։
Նա հավելել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գործատուները պետք է թվային հարթակում լրացնեն նաև այն աշխատողների պայմանագրերը, ովքեր մինչ այդ արդեն աշխատել են իրենց մոտ։
«Պետք է լրացնել այն աշխատողների տվյալները, որոնք դեռ աշխատում են իրենց մոտ»,– ասել է Սարգսյանը։
Սարգսյանը շեշտել է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերից, քանի որ եթե գործատուն չլրացնի պայմանագրի պարտադիր դաշտերից որևէ մեկը, համակարգը չի թույլատրի շարունակել լրացման գործընթացը։