«Հանրապետություն» կուսակցությունը շրջանառության հարկը և հայտարարագրումը դիտարկում է որպես մեկ ընդհանուր քաղաքականության մաս, որը, ստվերի կրճատման նպատակ ունենալով, իրականում մեծացնում է հարկային բեռը, խոչընդոտում փոքր ու միջին բիզնեսի գործունեությանը և նոր պարտավորություններ դնում քաղաքացիների վրա։
Կուսակցությունը շեշտում է, որ զարգացած երկրներում գործազրկությունը կազմում է 3-4%, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը հասնում է 14%-ի։ Այս իրավիճակում առաջարկվող փոփոխությունները, ըստ նրանց, ոչ միայն վաղաժամ են, այլև բացասաբար կանդրադառնան ինչպես բիզնեսի ակտիվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է այս օրենսդրական նախաձեռնություններին և առաջարկում է այլընտրանքային լուծումներ։ Մասնավորապես, կուսակցությունը տեսնում է հարկային բեռի թեթևացման և պարզեցման անհրաժեշտություն՝ խթանելու համար փոքր և միջին բիզնեսի զարգացումը։ Այդ նպատակով այն առաջարկում է ներգրավել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական ու տեխնոլոգիական ռեսուրսները, առավել արդյունավետ օգտագործել ՀՀ բնական պաշարները, ինչպես նաև ներդաշնակեցնել էներգետիկ համակարգը։
Շրջանառության հարկի բարձրացումը և եկամուտների հայտարարագրման պահանջը, որն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1–ից, մեծ դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։