ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով հայ ռազմագերիների դեմ Բաքվում ընթացող շինծու դատավարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները փաստում են, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում է Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար։
«Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» գործընթացի ապօրինությունների բազմաթիվ դրսևորումներով պայմանավորված հացադուլ է հայտարարել:
Ավելի վաղ Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իր անունից կեղծ ցուցմունքներ է գրվել, շինծու գործ կառուցվել:
Հասկանալի է, որ որոշակի փոփոխություններով, վերոնշյալ ադրբեջանական ձեռագիրը տարածվում է նաև Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների վրա:
Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների խիստ խոցելի և անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ ամրապնդում այն մոտեցումը, որ Ադրբեջանը` ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողությունների նախապատրաստման շրջանակներում, «դատավարությունն» օգտագործում է որպես մահաբեր զենք` Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար»,–գրել է նա։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, միջազգային հանրությանը հասցեագրած հայտարարության մեջ հայտարարել է, որ որոշել է հացադուլի միջոցով արտահայտել իր բողոքը՝ Բաքվում ընթացող դատական ֆարսի դեմ։
Վարդանյանը շեշտել է, որ այս գործընթացը սկսվել է բացառապես այն պատճառով, որ ինքը կիրառել է իր՝ միջազգային նորմերով սահմանված, կարծիքի արտահայտման և քաղաքական մասնակցության իրավունքը՝ Արցախի հայության իրավունքները պաշտպանելու նպատակով: