Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, ըստ որոնց՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», իսկ մյուսը՝ ՀՀ Սահմանադրությանը։
«Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», – ասել է Ռուբինյանը, հայտնում է «Ազատությունը»։
Ադրբեջանական «Թրենդ» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովն ավելի վաղ հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ն արդեն համաձայնեցված են, իսկ մնացած երկու անհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, իսկ մյուսը՝ Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված տարածքային պահանջներին։
Սակայն տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն էր հայտարարել, որ կողմերը չեն համաձայնեցրել միջազգային իրավական բողոքներից հրաժարվելու և սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցերը։ Անցած տարվա ամռանը էլ Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ հաղորդակցության ուղիների հարցը կլուծվի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը նաև նշել է, որ Բաքուն ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե անձամբ վարչապետի հետ։
Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այդ կառույցը նպատակ ունի արհեստականորեն պահպանել հակամարտությունը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, սակայն այս տարվա հունվարի սկզբին նա արդեն առաջարկել է լուծարել այդ կառույցը՝ առանց հստակեցնելու, թե արդյոք դա հնարավոր է անել մինչ պայմանագրի ստորագրումը։
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, ապա պաշտոնական Բաքուն այն համարում է խաղաղության պայմանագրի կնքման հիմնական խոչընդոտներից մեկը՝ պնդելով, թե փաստաթղթում ամրագրված են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չէր բացառել, որ նոր Սահմանադրության նախաբանից կարող է հանվել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։