Փետրվարի 21–ի դրությամբ հաստատվել է մոտ 1650 անհուսալի վարկառուի դիմում, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել կառավարության աջակցությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
Կառավարության հաստատած ծրագրի շրջանակում անհուսալի վարկառուներին ազատում են չվճարված վարկերի տույժերից ու տուգանքներից, իսկ նրանց աշխատավարձից գանձվող եկամտահարկը կուղղվի վարկերի մարմանը։
Անհուսալի վարկառուների ցուցակը նախարարությունը սկսել է կազմել փետրվարի 7-ից, և այս պահին օրական հաստատվում է միջինը 200-300 դիմում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Դեռ վաղ է ծրագրի ընդհանուր արդյունավետության մասին խոսել, սակայն փետրվարի 1-ից սկսած՝ դիմելիության ակտիվությունն արդեն գոհացուցիչ է»,- նշել է Մանուչարյանը։
Շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնց վարկային պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 1 մլն դրամը և որոնք առնվազն 3 տարի չեն կարողացել մարել այդ վարկերը։ Բացի այդ, շահառուն պետք է ունենա ֆորմալ զբաղվածություն՝ լինի գրանցված աշխատող։
Մանուչարյանի խոսքով՝ աջակցության չափը կախված է շահառուի աշխատավարձից․ պետությունը կուղղի նրա եկամտահարկը անհուսալի վարկի մարմանը։
Ծրագրի արդյունավետ իրագործման համար նախարարությունը գործում է անմիջական համագործակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ, նախկին ԴԱՀԿ) հետ։
Անհուսալի վարկառու համարվող անձինք կարող են դիմել այս ծրագրին մինչև 2026 թ․ հունվարի 31-ը և օգտվել աջակցության միջոցառումից 24 ամիս շարունակ։
Հայաստանում 3 և ավելի տարվա վաղեմությամբ ու մինչև 1 մլն դրամ վարկ ունեցող քաղաքացիները 218 000-ն են, որոնց 65%-ը 25-50 տարեկան է և գտնվում է ակտիվ աշխատանքային տարիքում։
Ըստ տվյալների՝ 2024 թվականին ՀՀ-ում անհուսալի վարկային բեռը կազմել է 642 մլրդ դրամ, մինչդեռ 2023-ի ապրիլին այն եղել է 525 մլրդ դրամ։