AM
24 February 2025 - 10:52 AMT

Փոխքաղաքապետ․ «Վեոլիա ջուրը» 5 մլրդ դրամ կուղղի Երևանի ենթակառուցվածքների բարելավմանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ հաստատվել է «Վեոլիա ջուր» ընկերության այս տարվա աշխատանքների նոր ծավալը։ Նա դիմել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին՝ խնդրելով ներկայացնել ծրագրի մանրամասները։

Հովհաննիսյանի խոսքով՝ «Վեոլիա ջուրը» նախատեսում է մոտ 5 մլրդ դրամի ներդրում կատարել և արդիականացնել ենթակառուցվածքները տարբեր թաղամասերում։

«Ըստ կազմակերպության՝ կա ջրի որոշակի կորուստ, և առկա է ենթակառուցվածքների թարմացման խնդիր։ Մասնավորապես, Նուբարաշենում էական աշխատանք է իրականացվելու ընկերության կողմից»,- նշել է Հովհաննիսյանը, հայտնում է Radar.am-ը։

Նա հավելել է, որ վերանորոգման ծրագրերը ներառում են նաև Կոնդ թաղամասը, Մալաթիա-Սեբաստիան և Աջափնյակը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը տրամադրելու է անհրաժեշտ շինթույլտվությունները, որից հետո «Վեոլիա ջուր»-ը հնարավորինս արագ կմեկնարկի ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները նշված տարածքներում։