Փետրվարի 25-ին՝ ժամը 09:30-ին, ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստի անգլերեն ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի Ազգային ժողովի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում։
Նույն օրը՝ նիստի ավարտից հետո, Ոսկեզօծ դահլիճին կից սրահում կանցկացվի ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը։ Ասուլիսը նախատեսվում է անցկացնել ժամը 13:00-13:30-ն ընկած ժամանակահատվածում՝ նիստի ընթացքից կախված։
Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։