AM
24 February 2025 - 11:04 AMT

Առաքելյան․ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագիրն ամբողջովին տապալվել է

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրն ամբողջովին տապալվել է։

Նա նշել է, որ 30,000 ընտանիքից միայն 2%-ն է ստացել սերտիֆիկատ։

«Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն է ձեռք բերել ընդամենը 12 ընտանիք։

Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաև արցախցիներին և հիմա մեր 100,000-ից ավել քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի»,–գրել է նա։

Նա ընդգծել է, որ արցախցիներին կացարանով ապահովելը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը, և նման ծրագիրը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։