«Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթն արդեն փոխանցվել է Երևանի քաղաքապետի ստորագրմանը, որպեսզի այն ուղարկվի համալիր փորձաքննության։ Այդ մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնել է, որ միաժամանակ, ստորագրման է ներկայացված հանրային ներդրումային ծրագիրը՝ կառավարության կողմից վերջնական հաստատման նպատակով և ֆինանսավորման բանակցությունները պաշտոնապես մեկնարկելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։
Տիգրան Ավինյանը նշել է, որ առկա է վճարման որոշակի խնդիր, որն անհրաժեշտ է արագ լուծել։
«Ընդհանուր առմամբ՝ աշխատանքը ընդունել ենք, բայց վճարումները դեռ ամբողջապես չենք կատարել»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է Սուրմալուի հարևանությամբ մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթին, Հովհաննիսյանը նշել է, որ դրա տեխնիկատնտեսական ուսումնասիրության և հայեցակարգի մրցութային պայմանները վերջնական համաձայնեցվել են մասնագիտական խմբի նիստում, որը տեղի է ունեցել փետրվարի 17-ին։
«Նախապատրաստվում է մրցույթի փաթեթը, մրցույթի մասով պայմանները համաձայնեցվել են մասնագիտական խմբի նիստում։ Այս շաբաթվա վերջին կարող ենք մրցույթը հայտարարել։ Մշակվել է հանրային ներդրումային նախնական ծրագիրը, որը կարելի է ներկայացնել կառավարության քննարկմանը։ Պատրաստ կլինենք հայտարարել կայարանի նախագծման մրցույթը»,– հավելել է նա։
Ավինյանն առաջարկել է «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարանների ներդրումային նախագծերը ներկայացնել կառավարությանը՝ ներդրումային կոմիտեի քննարկման համար։