AM
25 February 2025 - 13:09 AMT

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ Ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է սոցիալական ծախսի փոխհատուցման քայլերի հաջորդականությունը։

Եթե արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր և հաշվետու տարվա ընթացքում ձեր կամ ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր եք արել, ապա կարող եք օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։

Դրա համար՝ նախևառաջ որպես սոցիալական ծախս կատարող՝ պետք է ունենաք այդ վճարման դիմաց հանրային ծառայությունների համարանիշով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա հետևյալ քայլերի միջոցով կարող եք դիմել և հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները․

Քայլ 1

Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Համակարգ կարող եք մուտք գործել, ինչպեսվեբ տարբերակով, այնպես էլ Self Portalբջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝ Apple App Store-ում՝iOS-իհամար և Google Play Store-ում՝Android-իհամար:

Քայլ 2

Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձևը։

Քայլ 3

Դիմումի համար բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը գրանցելու համար սեղմեք «Գրանցել» կոճակը։

Քայլ 4

Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը։ Սեղմելով այս կոճակը՝ Դուք համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։

Քայլ 5

Գրանցված դիմումը հայտնվում է գլխավոր էջի «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը և էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա ստորագրելուց հետո սեղմեք «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

«Վերջ, դիմումն ուղարկված է։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։