Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը փետրվարի 25–ի երեկոյան հայտնել է, որ Հռոմի Պապի վիճակը մնում է ծանր, սակայն կայուն։ Նրա հեմոդինամիկական ցուցանիշները փոփոխության չեն ենթարկվել, և սուր շնչառական բարդություններ չեն արձանագրվել։
«Սրբազան Քահանայապետի կլինիկական վիճակը մնում է ծանր, բայց կայուն։ Շնչառական սուր դրվագներ չեն գրանցվել, իսկ հեմոդինամիկական ցուցանիշները շարունակում են մնալ կայուն»,–հայտնում է Vatican News-ը։
Երեկոյան նա ենթարկվել է պլանային ՀՏ հետազոտության՝ երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական վերահսկման համար։ Կանխատեսումը մնում է զգուշավոր։
Առավոտյան, Սուրբ Հաղորդություն ստանալուց հետո, նա վերսկսել է աշխատանքային գործունեությունը։
Վատիկանը ամեն օր երկու անգամ հայտարարություններ է տարածում՝ Պապի առողջական վիճակի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով։ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին՝ բրոնխիտի հետևանքով՝ Հռոմի Ագոստինո Ջեմելլի հիվանդանոցում։
Բժիշկները շարունակում են «զգուշավոր» կանխատեսումը՝ հաշվի առնելով հիվանդության բարդ բնույթը։