AM
25 May 2009 - 11:57 AMT

«Արմավիա» ավիաընկերությունը պարգեւատրել է 2009թ. 200-հազարերորդ ուղեւորին

«Արմավիա» ավիաընկերությունը պարգեւատրել է 2009-ի 200-հազարերորդ ուղեւորին, որը մեկնել է Երեւան-Ցյուրիխ N117 երթով: Այդ ուղեւորը Մերի Երանոսյանն էր, որին ընկերությունը հանձնել է SAMSUNG ֆիրմայի պլազմային հեռուստացույց, ինչպես նաեւ էկոնոմ-կարգի տոմսը փոխարինել է բիզնես-կարգի տոմսով:

«Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալ Թերեզա Ղազարյանի խոսքերով, «այդ ակցիան ավիաընկերության կողմից անցկացվում է ամեն տարի, եւ այս տարի սպասվում է միլիոներորդ ուղեւորը, որը որպես նվեր կստանա ավտոմեքենա»:

Իր հերթին Մերի Երանոսյանը շնորհակալություն է հայտնել ուշադրության եւ նվերների համար, ինչպես նաեւ խոստովանել, որ «Արմավիա» ավիաընկերության ծառայություններից հաճախ է օգտագործվում եւ շատ ուրախ է ցանկացած նորարարության համար, լինեն դա հարմարավետ լայներներ, թե նոր ուղղություններ:

Երեւան-Ցյուրիխ չվերթը «Արմավիա» ավիաընկերության նոր ուղղությունն է, որը գործում է սույն թվականի մարտի 30-ից: Ցյուրիխի միջոցով «Արմավիա» ընկերության ուղեւորներն իրենց համար պատուհան կբացեն դեպի Արեւմտյան եւ Հարավային Եվրոպա, ինչպես նաեւ դեպի Հյուսիսային Ամերիկա:

2008-ին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է շուրջ 647 000 ուղեւոր: Ընկերության օդային ավիաբազան կազմված է Ա-319 (3), Ա- 320 (2), Իլ-86, ՏՈՒ-134 տիպի ինքնաթիռներից: «Արմավիան» առաջին ավիաընկերությունը կդառնա, որը ձեռք կբերի Sukhoy Superjet S-100 նոր ինքնաթիռ, որը ավիաբազան կհամալրի մինչեւ 2009-ի վերջը: