AM
27 February 2025 - 10:55 AMT

Փաշինյանը՝ սոցկրեդիտների մասին․ Սա հեղափոխական որոշում է

Փետրվարի 27-ին Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սոցիալական կրեդիտների համակարգի առաջին արդյունքները՝ նշելով, որ 2486 քաղաքացի արդեն հետ է ստացել 232 մլն դրամ։

«Մեր գնահատականը չի փոխվել և չի փոխվելու. սա, ըստ էության, հեղափոխական նշանակության որոշում է, և մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին որոշմամբ և քաղաքացիների ձեռքով առողջապահության ու կրթության ոլորտներում»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել գումարը ծախսել անկանխիկ եղանակով, քանի որ կանխիկ վճարումներն այս ծրագրի շրջանակում հետվճարի հնարավորություն չեն տալիս։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հայտնել է, որ ԿԳՄՍՆ կայքում արդեն բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ ներկայացված են բոլոր նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական հաստատությունների, քոլեջների և բուհերի տվյալները, ինչը քաղաքացիներին կօգնի պարզելու, թե որ հաստատություններն են համապատասխանում սոցիալական կրեդիտ ստանալու պայմաններին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս անդրադարձել է հարցին՝ հայտնելով, որ մինչև Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը Կառավարությունը հնարավորություն է տալու սոցիալական փաթեթի շահառու դառնալ սոցիալական կրեդիտի միջոցով։

«Հիմա մենք մշակում ենք փաթեթը, որպեսզի այս տարվա ընթացքում բոլոր եկամտահարկ վճարողները, որոնք սոցփաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան սոցիալական կրեդիտներն օգտագործել առողջապահական կարիքները հոգալու համար: Քաղաքացիների՝ մեզ ուղղված դիմումները դրա մասին են խոսում, որ մեծ է պահանջարկը»,- նշել է նախարարը։

Նոյեմբերի 1–ից ՀՀ բոլոր վարձու աշխատողները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։