AM
27 February 2025 - 11:21 AMT

Կառավարությունն Ամուլսարի շահագործման համար կտրամադրի մինչև 150 մլն դոլարի երաշխիք

Փետրվարի 27-ի նիստում կառավարությունը հաստատել է բյուջետային երաշխիք տրամադրելու որոշումը՝ նպատակ ունենալով ապահովել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքը։

Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման հնարավոր ռիսկերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատականները, հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները և ոսկու միջազգային գների ազդեցությունը, որոշել է տրամադրել մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք, հայտնում է Auroranews.am-ը։

Կառավարությունը, որպես բյուջետային երաշխիքի հետադարձ պահանջի ապահովման միջոց, ընդունել է նաև առևտրային բանկերի հետ գրավի ձևակերպումը։

Քանի որ բյուջետային երաշխիքը համարվում է պետական պարտքի բաղադրիչ, այն կբերի ՀՀ կառավարության պարտքի բեռի ավելացման։ Ըստ 2025-ի պետական բյուջեի կանխատեսումների, 2025-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 54.3%, գերազանցելով 50%-ի սահմանաչափը։

Նախատեսվող երաշխիքը կազմելու է 2025-ի անվանական ՀՆԱ-ի 0.58%-ը։

Երաշխիքի տրամադրման նախապայմանն այն է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ընկերությունը պետք է Ֆինանսների նախարարություն ներկայացնի անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական վիճակի վերաբերյալ հաշվետվություն, ներառյալ հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատումը։

Ծրագրի իրագործման դեպքում պետական բյուջեի եկամուտները կարող են ավելանալ, սակայն երաշխիքի նյութականացման դեպքում բյուջեի ծախսերը կարող են աճել մինչև 150 մլն դոլարի չափով։

Նախկինում իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ Ամուլսարի ծրագրի իրագործումը կարող է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան 1.0-1.5% աճ։ Նախատեսվում է, որ շինարարական փուլում ներգրավվելու է ավելի քան 1000 աշխատող, իսկ հանքի շահագործման ընթացքում՝ մոտ 700 աշխատող տարբեր ստորաբաժանումներում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ընկերության բաժնետոմսերի 12.5%-ը՝ 12,503 բաժնետոմս, նվիրատվությամբ փոխանցվել է ՀՀ-ին որպես սեփականություն։