Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոր ատոմակայանի կառուցման մասով տեղաշարժ կա։
Նա հավելել է, որ շարունակում են ուսումնասիրել այն առաջարկները, որոնք հավանական կլինեն նոր ատոմակայանի կառուցման մասով, գրում է Aysor.am-ը։
Նախարարի խոսքով՝ այս պահին դեռ վաղ է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց առաջարկները դիտարկվում են, քանի դեռ վերջնական որոշում չկա։
«Կառավարությունը ստեղծել է փակ բաժնետիրական ընկերություն, որը զբաղվելու է ատոմակայանի նոր մոդելի առաջարկով, հետագայում՝ նաև տեխնիկական պայմանների ստեղծմամբ, հսկողությամբ։ Հետագայում այն հանձնելու է շահագործողներին։ Առաջիկայում հաստատվելու է հաստիքացուցակը, զուգահեռ աշխատում ենք ատոմակայանի ժամկետի երկարացման ուղղությամբ։ Գործողությունների ցանկ ունենք, որոնք պարտադիր են իրականացման համար։ Մտավախություն ու մտահոգություն չունեմ, որ հնարավոր է հետ ընկնենք այս գրաֆիկից», – նշել է Խուդաթյանը։
Նա հավելել է, որ երբ ատոմակայանի մոդելը վերջնական հաստատվի, այդ մասին պաշտոնապես կտեղեկացնեն։
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրի կառավարման համար ստեղծված պետական ընկերության ֆինանսավորումը կտրամադրվի ավելի վաղ, քան նախատեսվում էր։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
2024–ի օգոստոսի 1-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել հիմնադրել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ, որը պատասխանատու է լինելու ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման համար։
Այս ընկերության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով պետական բյուջեից նախատեսված էր հատկացնել 200 մլն դրամ, որը սկզբում ընդգրկվել էր 2025–ի չորրորդ եռամսյակի բյուջեում, սակայն, հաշվի առնելով ծրագրի կարևորությունը և հրատապությունը, կառավարությունը որոշել է այդ միջոցները տեղափոխել առաջին եռամսյակ և տրամադրել ավելի վաղ։
Օգոստոսի 1-ին կայացած կառավարության նիստում որոշում էր ընդունվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։ Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ ամերիկյան ընկերությունը իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն՝ փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարությունը գնահատելու համար։ Փետրվարի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան կառուցելու տարբերակը։