ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղիի ու նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ։
Երկուստեք ընդգծվել է երկու երկրների համագործակցության դրական ընթացքը տրանսպորտային ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Իրանում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը նվազեցնելու կամ ամբողջությամբ չեղարկելու հարցը։
Կողմերը համաձայնության են եկել կազմակերպել մասնագիտական խմբերի հանդիպում՝ ճանապարհային հարկերի երկուստեք արտոնությունների տրամադրման հնարավոր ուղիները մանրամասն քննարկելու նպատակով։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային բեռնափոխադրումների թվայնացման հարցին՝ մասնավորապես e-CMR բեռնագրերի կիրառման հնարավորություններին։
Երկու կողմերն էլ պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բեռնափոխադրումների թվայնացման ուղղությամբ։