AM
28 February 2025 - 10:49 AMT

ՍԱՏՄ-ն պարզաբանել է մարզային անասնաբուժական լաբորատորիաների հնարավոր փակումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնել է, որ ընթանում է Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ) կարողությունների ուսումնասիրություն և օպտիմալացում, որը չի ենթադրում մարզային բոլոր լաբորատորիաների փակումը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Վերջերս սոցցանցերում տեղեկություն էր շրջանառվում, թե նախատեսվում է փակել մարզային անասնաբուժական լաբորատորիաները։ Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ նման որոշումը կվնասի ոլորտին, իսկ սակավաթիվ մասնագետները կկորցնեն իրենց աշխատանքը։ Նրա կարծիքով, տարածքային լաբորատորիաների բացակայությունը բնորոշ է միայն խիստ հետամնաց երկրներին։

«Հարցն, անշուշտ, պլանավորվում է քննարկել տեսչական մարմնի կառավարման խորհրդում, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Այդ հարցի վերաբերյալ հստակ որոշումը, իհարկե, կհրապարակայնացվի»,- նշել է Անուշ Հարությունյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հարցը քննարկվում է ՍԱՏՄ-ի շրջանակում։

«Լուծումներ պետք է գտնենք։ Մենք հակված ենք ունենալու արդյունավետ համակարգ. եթե կարողանանք գտնել լուծում, որպեսզի ավելի արդյունավետ համակարգ ստեղծենք, մենք դեմ չենք լինի։ Այսինքն՝ ինքնանպատակ չէ այդ քանակի լաբորատորիաների տեղակայումը մարզերում։ Կարևորը՝ խնդիրն արդյունավետ լուծվի»,- ասել է նախարարը։

Ներկայում Հայաստանում գործում է 10 մարզային և 21 տարածաշրջանային լաբորատորիա, որոնք իրականացնում են նախնական ախտորոշումներ։