Շրջանառության հարկի ավելացումը 6 ամսով հետաձգելու վերաբերյալ կառավարության որոշումը տնտեսվարողներին չի բավարարել, և նրանք այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել։
«Նախ դա վերաբերում էր հունվարի 1-ին գրանցածներին, ով գույքագրել է ապրանքը, բնականաբար, չկա նման մարդ, եթե իհարկե իրենցից չլինեն։ Դա սուտ է, նաև ասում են՝ երկու եռամսայակը 10 տոկոսով կվճարեք, հետո էլի հետ կտանք, էլի սուտ է»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Aysor.am-ը։
Ըստ նրա՝ նույնիսկ այս որոշումով տնտեսվարողների մոտ թյուրըմբռնում կա, շատերը կարծում են, որ օրենքի նախագիծը 6 ամսով են հետաձգել․
«Ընդհանրապես մեր խնդիրը չի լուծվել»,–հավելել է նա։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց ներկայացրած մտահոգությունները որևէ կերպ հաշվի չեն առնվել։
«Կառավարությունը որևէ հետքայլ չի արել, վերնագիրը դրել են անցումային փուլ, ոչ մի պահանջ, խնդրանք հաշվի չի առնվել։ Այսինքն՝ հարկային բեռի նվազեցում և, վերջապես, շրջանառության հարկի իմաստի չխեղաթյուրում։ Այս խնդրանքներին ընդառաջ կառավարությունը չի գնացել»,-ասել է մեկ այլ մասնակից։
ՀՀ կառավարությունը սահմանել է անցումային շրջան առք ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համար, որոնք շրջանառության հարկ են վճարում։ Որոշումը կայացվել է գործադիրի նիստում։ Ծրագիրը նախատեսված է այն տնտեսվարողների համար, որոնք 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերված ապրանքային մնացորդներ, սակայն կա՛մ չեն ունեցել ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, կա՛մ ունեցել են այդպիսիք, սակայն դրանցով մինչև 2025-ի հունվարի 1-ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4%-ով՝ ներկայիս 9.5%-ի փոխարեն։
2025–ից փոքր բիզնեսի համար շրջանառության հարկի դրույքաչափերը կտրուկ աճել են․ առևտրի ոլորտում 5%-ից հասել են 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3.5%-ից 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից 12%-ի։ Տնտեսվարողները, եթե վարեն մաքուր հաշվապահություն, հնարավորություն կունենան նվազեցնել այս հարկերը՝ առևտրի ոլորտում մինչև 1%, արտադրության ոլորտում՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտում՝ մինչև 6%։