AM
3 Մարտ 2025 - 11:22 AMT

Երևանի նոր հատակագծով հանրային տարածքներում ինքնակամ շինությունների օրինականացումն անհնար է դարձել

Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի ընդունումը էականորեն խստացրել է կարգավորումները՝ անհնար դարձնելով հանրային տարածքներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման գործընթացը։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շներհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ: Այդ մասին ասել է քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը։

Զեկուցվել է, որ 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ պահանջներ է առաջադրել, անգամ անհնարին է դարձրել հանրային տարածքներում տարերայնորեն կառուցված շինությունների օրինականացման գործընթացը, հայտնում է քաղաքապետարանը։

Անդրադառնալով բոլոր այն տներին, որոնք չունեն սեփականության վկայական կամ ինքնակամ են իրենց սեփական հողերի վրա, քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այդ բնույթի բոլոր դիմումներն անխոչընդոտ ստորագրվում են:

Ինչ վերաբերում է բնակելի թաղամասերի խնդրին և այդ տարածքներում մի քանի տասնյակ տարիներ առաջ կառուցված տներին՝ հանձնարարվել է թաղամասային տրամաբանությամբ խնդրին լուծում տալ՝ հանդիպելով բնակիչների հետ: