AM
4 March 2025 - 09:31 AMT

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 % շրջհարկ

Շահումով խաղերի ոլորտում նախատեսվում է սահմանել 10 % շրջհարկ։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծին։

Սարգսյանն ԱԺ–ում հայտարարել է, որ վիրտուալ մոլախաղերը մարդկանց տանում են կործանման և հորդորել է դուրս գալ դրանցից։

Սարգսյանի խոսքով՝ երկար տարիներ ոլորտն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ մոլախաղերում վատնում են միլիոնավոր դրամներ ու դոլարներ, սննկանում, կորցնում գույքը, բնակարանը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ իրենց կյանքը։

Նա նշել է, որ վերջին 13 տարում ահագնացող տեմպերով աճել են շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության ծավալները:

«Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 մլն դոլար էր, այսինքն՝ 7․2 տոկոս, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15․8 մլրդ դոլարի: Հավաքագրվող հարկերը կազմել են 67 մլն դոլար կամ ծավալի 0․4 տոկոսը»,–ասել է Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ վերջին հինգ տարիներին իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեին սահմանափակել և վերահսկել ոլորտը, սակայն ցանկալի արդյունք չեն տվել։

2019 թվականին օրենքով արգելվել է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ինչի հետևանքով խաղացողները տեղափոխվել են առցանց հարթակներ՝ ծախսելով հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ։ Բացի այդ, արգելվել է բուքմեյքերական ընկերությունների գովազդը, ինչի արդյունքում դրանք կրճատել են հարկային վճարումները և ձեռք բերել շուկայի մենաշնորհային դիրք։

Նրա խոսքով՝ միջազգային փորձն արդեն ցույց է տվել նման մեխանիզմների արդյունավետությունը․ մասնավորապես, Վրաստանում գործում է 10% շրջանառության հարկ, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5-20%, Իտալիայում՝ 20-22%, Լեհաստանում՝ 12%, Պորտուգալիայում՝ 8-16%, Իսպանիայում՝ 8-10%, Հունգարիայում՝ 15%։

Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներկայացված թվային տվյալներին, կատարվող խաղադրույքների արժանահավատությանը, խաղադրույքներ կատարելու սահմանափակման հնարավորությանը, ոլորտում առկա ստվերային շրջանառությանը եւ գերշահույթին, սոցիալական չարիք խաղամոլության նվազեցման հնարավորությանը եւ խաղամոլության դեմ պայքարի միջոցներին:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկով, ընդունվելու դեպքում, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից: Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումից հետո պետական մուտքերը կավելանան տարեկան մոտ 13 մլրդ դրամով:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը կքննարկվի հատուկ ընթացակարգով. դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում: