Արարատում շահագործման է հանձնվել պողպատե ամրանների արտադրության գործարանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության գործարանի բացմանը, շրջել գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին:
Գործարանը պետք է կառուցվեր Երասխում, սակայն ադրբեջանցիների գնդակոծությունների հետևանքով, որի պատճառով շինարարության վրա աշխատող 2 հնդիկ աշխատակից էր վիրավորվել, տեղափոխվեց Արարատ։
Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112,800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը:
Ձեռք են բերվել Էլեկտրոթերմի արտադրության 25 տոննա տարողությամբ 2 ինդուկցիոն վառարաններ, շարունակական գլոցման մեքենա և ամրան արտադրող հոսքագիծ: Արտադրության համար որպես հումք ծառայում է ջարդոնը և սպունգային երկաթը։ Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:
Կառուցվել է 40,000 կՎԱ հզորությամբ տրանսֆորմատորային ենթակայան, 110 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծ և նոր բջիջ «Արարատ 2» կայանում:
Գործարանը պատկանում է ամերիկյան «Virtual Funding» և «CESI Global Investments» ընկերություններին, որոնք այն ղեկավարում են «GTB Steel» ընկերության միջոցով։ Այս ընկերությունները համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին՝ նախազգուշացնելով, որ անզեն աշխատակիցների նկատմամբ գնդակոծությունների վերսկսման դեպքում այն կդիտարկվի որպես ուղղակի հարված ամերիկյան ներդրումներին։ Սակայն, արդյունքում ոչ թե գնդակոծությունները դադարեցվեցին, այլ գործարանը տեղափոխվեց Արարատ։