ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ այն դիլերները, որոնք էլեկտրամոբիլ կներկրեն ֆիզիկական անձանց անվան ներքո, կզրկվեն լիցենզիայից։
2025 թվականին Հայաստանին հատկացվել է 8000 էլեկտրամոբիլի քվոտա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ այդ քվոտաները կբաշխվեն հետևյալ կերպ՝ 5000-ը քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին։
Հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը, դիմելով էկոնոմիկայի նախարարին, ընդգծել է, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել՝ կապված այն հանգամանքի հետ, որ ֆիզիկական անձանց համար նախատեսված քվոտան արդեն սպառվել է։ Ըստ նրա՝ պատճառը դիլերների գործողություններն են, որոնք մեքենաներ են ներկրել ֆիզիկական անձանց անունով, հայտնում է Sputnik Արմենիան։
Պապոյանը հավաստիացրել է, որ նման դեպքերը շատ չեն, սակայն այժմ հարցն ուսումնասիրվում է, և եթե նման դեպքեր հայտնաբերվեն, այդ դիլերները կզրկվեն լիցենզիաներից։
«Ֆիզիկական անձանց համար հատկացված քվոտայից 1848–ը եղել է «Բի–Ուայ–Դի» մակնիշի էլեկտրամոբիլ, որը ՀՀ–ում դիլեր չունի, 885–ը «Տեսլա», որը նույնպես ՀՀ–ում դիլեր չունի, 728–ը «Շևրոլե»։ «Հոնգչի» մակնիշի էլեկտրամոբիլը ՀՀ–ում ունի դիլեր, և ֆիզիկական անձինք ու դիլերն իրար հետ միասին 2025 թվականին ներմուծել են 182 մեքենա։ Ըստ մեր տեղեկությունների` խոսքը 240 էկետրամոբիլի մասին է, որոնք ներմուծել են և՛ դիլերները, և՛ ֆիզիկական անձինք»,– նշել է նախարարը։
Փետրվարի 23-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ քաղաքացիներին նախատեսված 5000 քվոտայի 90 տոկոսն արդեն իրացվել է։ Մասնավորապես, այս տարի Հայաստան ներկրվել է 4499 էլեկտրամոբիլ։