ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայտնել է, որ մշակվել է Երևանի գլխավոր փոստի շենքի կառավարման նոր պլան։
Նախկինում նախատեսվում էր օտարումը կազմակերպել բորսային սակարկությունների միջոցով, սակայն այժմ որոշվել է անցկացնել միջազգային մրցույթ՝ օբյեկտի կառավարման առավել արդյունավետ տարբերակներ առաջարկելու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավետիսյանը նշել է, որ շենքի միայն որոշակի հատվածն է պատկանում պետությանը, և այն իր սահմանափակ տարածքով ու կայանատեղերի բացակայությամբ անհարմար է հյուրանոց կամ բիզնես-կենտրոն կառուցելու համար։
«Գուցե իմաստ ունի ձեռք բերել հարակից հրապարակները, օրինակ՝ մինչև Մհեր Մկրտչյան փողոց, իսկ հետո արդեն ամբողջ համալիրը վաճառել ավելի շահավետ պայմաններով», – ասել է նա։
2023-ի սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր գլխավոր փոստի շենքում ստեղծել «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)։ Այդ որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքի սեփականության բաժանումը պետք է իրականացվեր հետևյալ կերպ՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %, ներդրող՝ 50%։