Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները հնարավորություն ունեն օգտվելու Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից առաջարկվող աջակցության ծրագրից՝ 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար հետ ստանալով վճարված շրջանառության հարկի այն մասը, որը գերազանցել է 5 տոկոս շեմը։
Այս ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ համապատասխանում են հետևյալ պայմաններին՝
- 2024 թվականին իրականացրել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն,
- 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել են բացառապես շրջանառության հարկ վճարող,
- 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են շրջանառության հարկը,
- Նույն ժամանակահատվածում նրանց շրջանառության հարկի գումարը գերազանցել է առևտրական գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը, կամ մինչև 2025-ի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունեն չնվազեցված ու փոխանցված գումար,
- Դիմումի հետ հարկային մարմին են ներկայացրել 2025-ի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն։
Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներն առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են ստանալ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ձևավորվող իրացման շրջանառության 5 տոկոսի տարբերության չափով, և լրացուցիչ փոխհատուցում՝ վճարված շրջանառության հարկի և իրացման շրջանառության 1.5 տոկոսի տարբերության չափով, եթե ունեն նաև 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկից չնվազեցված և փոխանցված գումար, բայց ոչ ավելի, քան փոխանցված գումարի 1.375-ապատիկը։
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել դիմում՝ էլեկտրոնային փոստի հասցեին։ Ընդ որում, դիմումն առաջին եռամսյակի համար պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար՝ մինչև օգոստոսի 1-ը ներառյալ: