Amazon ընկերությունն առաջարկ է ներկայացրել չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok-ի ամերիկյան բաժնեմասը ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ առաջարկը ներկայացված է եղել նամակով, որը հասցեագրված է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և առևտրի նախարար Հովարդ Լատնիկին։
Սակայն, ինչպես նշված է հրապարակման մեջ, TikTok-ի սեփականատիրոջ փոփոխության շուրջ ընթացող բանակցություններին մասնակցող կողմերը լուրջ չեն վերաբերվում Amazon–ի նախաձեռնությանը։ Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել։
The New York Times-ի համաձայն՝ Դոնալդ Թրամփը առաջիկայում մտադիր է հանդիպել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հարթակի ապագան։ Հնարավոր գործարքի շրջանակներում քննարկվում է ամերիկացի նոր ներդրողների ներգրավման տարբերակը՝ առանց սեփականության կառուցվածքի պաշտոնական փոփոխության։
2024 թվականի գարնանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրենքի, որը թույլ է տալիս արգելել TikTok-ը երկրում, եթե այն չբաժանվի ByteDance-ից։ Օրենսդիրները հիմնավորել են այս որոշումը ազգային անվտանգության սպառնալիքով՝ նշելով, որ Չինաստանի իշխանությունները կարող են պահանջել ByteDance-ից փոխանցել ամերիկացի օգտատերերի տվյալները։
Նախագահ Ջո Բայդենը օրենքը ստորագրել է ապրիլին, իսկ հունվարին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից մի քանի օր առաջ, այն հաստատել է ԱՄՆ Գերագույն դատարանը։ Պաշտոնավարությունը սկսելուց հետո՝ հունվարի 20-ին, Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ պարտավորեցնելով գլխավոր դատախազին 75 օրով հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելը։ Նա հայտարարել է, որ TikTok-ը կարող է շարունակել գործունեությունը ԱՄՆ-ում՝ պայմանով, որ ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը փոխանցվի ամերիկյան ընկերություններին։