AM
6 June 2002 - 18:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՄԻՆՍԿ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Մինսկ: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արդյունաբերության եւ առեւտրի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարները, Երեւանի քաղաքապետը, խորհրդարանի պատգամավորներ, ձեռներեցներ: Այսօր եւեթ կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նրանց առանձնազրույցից հետո տեղի կունենան բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների արդյունքների հիման վրա կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում եւ արձանագրություն ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ, համաձայնագիր առանց վիզայի ռեժիմի մասին, պայմանագիր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադրաձ առաքումների վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Բելառուսի վարչապետ Գենադի Նովիկովի հետ: Հայաստանի նախագահը կմասնակցի Մինսկում Հայաստանի դեսպանատան ապագա շենքի հիմնադրմանը, ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշակոթողին: Նախատեսված են նաեւ այցելություններ «Բելառուս» կոնցեռն եւ Մինսկի տրակտորի գործարան: Նախագահը կհանդիպի Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: