Աջարիայի նախագահ, «Վրաստանի վերածնունդ» կուսակցության նախագահ Ասլան Աբաշիձեն հանդես է եկել կոշտ քննադատությամբ երկրի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հասցեին: Աջարիայի առաջնորդը պետության ղեկավարին մեղադրել է անգրագետ արտաքին քաղաքականություն վարելու մեջ: Նա օրինակ է բերում Հայաստանի փորձը, որին, նրա խոսքերով, տարվող կոմպլեմենտար քաղաքականության շնորհիվ հաջողվել է նորմալ հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ: «Տեսեք, թե ինչպես է իրեն պահում Հայաստանը: Այս իրավիճակում, ես կասեի, փայլուն եւ վարպետորեն: Նկատի ունեմ քաղաքական քայլերը, անկեղծության աստիճանը: Հայաստանը նոր գործընկերներ է որոնում ի դեմս ԱՄՆ-ի, արեւմտյան պետությունների, Ասիայի երկրների, բայց միեւնույն ժամանակ չի փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վրաստանում հակառակ պատկերն է»,- հայտարարել է Աբաշիձեն: Աջարիայի ղեկավարը հավաստիացնում է, որ Ռուսաստանի ռազմական բազաների դուրս բերումը Բաթումիից եւ Ախալքալաքից թույլ կտա Հայաստանին «մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա ստանալ»: «Ունենալով փորձված, մարտունակ, արագաշարժ բանակ` Հայաստանը դառնում է երկրորդ հզոր ռազմական ուժը ԱՊՀ-ում Ռուսաստանից հետո»,- գտնում է Ասլան Աբաշիձեն:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: