AM
29 May 2009 - 16:21 AMT

Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը 2011 թվականի հունվարի 1-ից կազատվի տեսչական ստուգումներից

ՀՀ կառավարությունը որոշել է, որ 2009թ. հունիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը ,ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները, բացառությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, 2008թ. արդյունքներով մինչ- 70 մլն դրամ շրջանառություն (այդ թվում` ավելացված արժեքի հարկը) ունեցած ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացնել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքերը, ով նախագիծ էր ներկայացրել այն մասին, որ այդ որոշումն «աննախադեպ» է: «Սա իրոք աննախադեպ որոշում է, որը կայացնում է այսօր կառավարությունը։ Մենք այս որոշումը կայացնում ենք ՀՀ նախագահի հանձնարարականով` նպատակ ունենալով առավել բարենապաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` ճգնաժամի բացասական ազդեցությունները հաղթահարելու նպատակով», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ շուրջ 22 տեսչական ստուգում իրականացնող մարմին կա ՀՀ-ում։ Բացառությունը վերաբերելու է այն դեպքերին, երբ գործը վերաբերում է մարդկանց առողջության, պետության անվտանգության ապահովման հետ։ Բայց այդ բացառիկ դեպքերն էլ լինելու են վարչապետի հսկողությամբ եւ միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ։ «Համոզված եմ, որ մեր հակաճգնաժամային դիմադրողականությունը այս առումով կավելանա», – ասել է ՀՀ վարչապետը: