Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 2–ին այցելել էր Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
Նա այցելել է Ալավերդիի «Սանահին կայարան» թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը:
«Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը: Դրանով լուծվել է նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 մլն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել՝ նախորդ տարվա հեղեղումների հետևանքով: Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետին են ներկայացվել նաև Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 105 մլն դրամ։ Արդյունքում հիմնանորոգվել է 117.7 մ երկարությամբ կամուրջ:






