AM
26 Մայիս 2025 - 14:42 AMT

Տիեզերագնաց․ Մարդը վայրէջք կկատարի Մարսում 2030-ականների վերջում

Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը հայտարարել է, որ ծրագրվում է դեպի Մարս մարդատար առաքելություն իրականացնել 2030-ականների ավարտին, և այդ նախագիծը կյանքի կկոչվի։

Նա ընդգծել է, որ մարդն ի վիճակի է հաղթահարել նմանատիպ երկարատև թռիչքը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մարս մոլորակում մարդու վայրէջք կատարելու առաջին ծրագիրը նախատեսվում է 2030-ական թվականներին։ Ես, իհարկե, մի փոքր ավելի սկեպտիկ եմ, ու կարծում եմ՝ գաղափարը կիրագործվի 2030-ականների վերջում կամ 2040-ականների սկզբում, բայց ծրագիրը արդեն նախանշված է», — հայտարարել է նա։

Շկապլերովի խոսքով՝ այժմ «Ռոսկոսմոսը» և այլ միջազգային տիեզերական գործակալություններ իրականացնում են ընդգրկուն երկարաժամկետ ծրագիր։

«Մեր ծրագրով Լուսնից հետո հաջորդ քայլը Մարս մոլորակն է», — նշել է տիեզերագնացը։

Նա նաև նշել է, որ մարդու օրգանիզմը ունակ է հաղթահարել նման թռիչք։

«Միակ բանը, որ կարևոր է՝ մարդը, ինչպես Երկրի ուղեծրում, այնպես էլ տիեզերքում չի կարող գտնվել առանց պաշտպանության, այսինքն՝ առանց տիեզերագնացի համազգեստի և հատուկ հանդերձանքի, ինչը կարևոր է հաշվի առնել», — եզրափակել է նա։