Լեռնային Ղարաբաղի բնակիչների ավելի քան 70 տոկոսը կողմ է ադերբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: 20 տոկոսից քիչ ավելը, գերադասելով կարգավորման խաղաղ ճանապարհը, համենայն դեպս չի բացառում ռազմական լուծումը, եթե պարզվի, որ խաղաղ ճանապարհն անարդյունավետ է: Այսպիսին են սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները, որոնք անց են կացվել մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակամիջոցում Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ Երեւանի սոցիալական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ` Ֆրիդրիխ Էբերթի Հիմնադրամի հովանավորությամբ: Ինչպես տեղեկացնում է «Դե-Ֆակտո» գործակալությունը, անկախ ԼՂՀ-ին կողմ է արտահայտվել գյուղական բնակչության 48,6 տոկոսը, ստեփանակերտցիների` 37 տոկոսը: Ստեփանակերտում հարցվողների 55,2 տոկոսը, իսկ գյուղական բնակչության` 43 տոկոսը կողմ են արտահայտվել Հայաստանին միանալուն: Մյուս տարբերակները փաստորեն բացառվում են: Բանակցական գործընթացը Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով հավանության են արժանացրել հարցվողների 57,3 տոկոսը: Հակամարտության լուծման ժամկետների հարցում միաբանություն չկա: 19,1 տոկոսը գտնում է, որ խնդիրը կարող է կարգավորվել մեկ-երկու տարվա ընթացքում, 15,8 տոկոսը` հետաձգում են այդ լուծման ժամկետները մինչեւ տասը տարի, հարցվողների 13-14 տոկոսը այլ ժամկետներ են ասում: Հարցվողները գտնում են, որ ԼՂՀ-ում գործող քաղաքական կուսակցություններից առավել ազդեցիկները «Դաշնակցությունն» է` 21,6 տոկոս եւ կոմունիստները` 14,6 տոկոս: Երրորդ տեղում «Ժողովրդավարական Արցախ» միությունն է` 11,4 տոկոս: Ղարաբաղցիները միասնական են երկրում սահմանադրական կարգի անհրաժեշտության հարցում: Սահմանադրության ընդունման կողմ են հանդես եկել հարցվողների ավելի քան 92 տոկոսը` դիտելով դա որպես ուղենիշ ժողովրդավարության ճանապարհին եւ օրինականության ու կարգապահության ապահովման միջոց: Երկրի տնտեսական ապագան հարցվողների մեծամասնությունը տեսնում է գյուղատնտեսության զարգացման մեջ` 41,4 տոկոս, արդյունաբերական գյուղատնտեսության ապագան գրավում է 40,9 տոկոսին: Հարցվողների 43,3 տոկոսը գտնում են, որ վերջին տարիների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել: 34,3 տոկոսը նշում է մասնակիորեն բարելավում այդ ուղղությամբ:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: