ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով:
Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
ՍԱՏՄ-ն հորդորում է քաղաքացիներին՝ նշված խմբաքանակներից որևէ արտադրանք նկատելու դեպքում, անհապաղ զանգահարել թեժ գծին՝ 118։
Խախտումներով արտադրանքներ են հայտնաբերվել հետևյալ ընկերությունների մոտ.
- «ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ՝ «Անի» ապրանքանիշով մի շարք պաղպաղակներ, ներառյալ վաֆլե բաժակներ, բրիկետներ ու էսկիմոներ։
- «ԱՐՏՍՎԻԹ» ՍՊԸ՝ «Շանթ» ապրանքանիշով «Ֆանտազիա», «Սկյուռիկ» և այլ պաղպաղակներ։
- «ՆԱԻՐԻ ԼԵՆԴ» ՍՊԸ՝ «Նաիրի Լենդ» ապրանքանիշով արտադրանքներ՝ «Բևեռ», «Սթար կոն», «Պլոմբիրկա» և այլն։
- «ՓԻՆՔ ԲԵՐՐԻ» ՍՊԸ՝ «Ուտոպիա», «Այս Բուրգեր» և կիլոգրամային պաղպաղակներ կաթնայուղի փոխարինիչով։
- «ՄԱՌՆԻԿ» ՍՊԸ՝ «ՖիՆի» ապրանքանիշով վանիլային և շոկոլադային պլոմբիրներ։
- «ԻԳԻԹ» ՍՊԸ՝ տարբեր համերով էսկիմոներ և բրիկետներ՝ կաթնայուղի փոխարինիչով։
- «ԱՇՏԱՐԱԿ ՄԻԼԿ» ՍՊԸ՝ «Աշտարակ կաթ» ապրանքանիշով վանիլային, շոկոլադային ու մրգային պաղպաղակներ։
- «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊԸ՝ «Սենդվիչ», «Սեր» և «Ընտանեկան» շարքերի պաղպաղակներ, ինչպես նաև էսկիմոներ։
- Ա/Ձ Ազատ Ղազանչյան՝ 700 գրամանոց վանիլային պաղպաղակ։
- Ա/Ձ Էդուրադ Կարապետյան՝ փափուկ պաղպաղակ, որի արտադրությունը արդեն դադարեցվել է։
Այս պահին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն արդեն իսկ դիմել է ՍԱՏՄ-ին և կատարելով կարգադրագրի պահանջը՝ շուկայից հետ է կանչել 45,5 կգ պաղպաղակ։
ՍԱՏՄ-ն շարունակելու է վերահսկողությունը ոլորտում՝ ապահովելու համար սպառողի առողջության պաշտպանությունն ու անվտանգության նորմերի պահպանումը։






