AM
4 June 2002 - 17:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ

Վաղը չէ մյուս օրը Հայաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մինսկ: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են արդյունաբերության եւ առեւտրի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության նախարարները, Երեւանի քաղաքապետը, խորհրդարանի պատգամավորներ, ձեռնարկատերեր: Այցի առաջին օրը կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նրանց մենազրույցից հետո կկայանան բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրին վերաբերող արձանագրություն, համաձայնագիր առանց վիզայի պայմանակարգի մասին, ռազմական տեխնիկայի եւ սպառազինման փոխադարձ մատակարարման մասին պայմանագիր: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Բելառուսի վարչապետ Գեննադի Նովիցկու հետ: Հայաստանի նախագահը կմասնակցի Մինսկում Հայաստանի դեսպանատան ապագա շենքի հիմքի առաջին քարի տեղադրման արարողությանը, ծաղկեպսակ կդնի Հաղթանակի հուշակոթողին: Նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի այցելությունը «Բելռեսուրս» կոնցեռն եւ Մինսկի տրակտորի գործարան: Նախագահը կհանդիպի Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: