Հայաստանում քննարկվում է նոր օրինագիծ, որը հաշվի է առնում երկարաժամկետ հեռանկարում ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այս մասին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախագծի քննարկումները դեռևս նախնական մակարդակում են, հայտնում է Sputnik Արմենիան։
Ուլիխանյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործող իրավաբանական անձինք արդեն անցել են էլեկտրաէներգիայի լիբերալ գնումներին (ոչ «Հայաստանի էլեկտրական ցանցերից», այլ այլընտրանքային վաճառողներից): Բայց ինչ վերաբերում է էլեկտրաէներգիա արտադրողներին, այսինքն՝ էլեկտրակայաններին, ապա այստեղ առևտուրը մինչև վերջ ազատականացված չէ, և դա իր պատճառն ունի։
Հայկական ԱԷԿ-ից և Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է, և եթե այն ամբողջությամբ դուրս բերվի շուկա, ապա խոշոր ընկերությունները (հանքեր, արտադրություններ և այլն) անմիջապես կգնեն այն, ըստ այդմ՝ հասարակ քաղաքացիները կստանան ավելի թանկ էլեկտրաէներգիա։ Այդ պատճառով տվյալ կայանները ազատ վաճառքի են հանում արտադրվող էներգիայի 10%-ից քիչ ծավալը։
Այնուամենայնիվ, թե՛ ատոմակայանը, թե՛ Սևան-Հրազդան հիդրոկասկադը զգալի ներդրումներ են կատարում, որոնք արդյունքում չեն կարող չանդրադառնալ դրանց էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։ Մասնավորապես, ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էներգաբլոկի կառուցման հսկայական ծախսերն անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։
Ուլիխանյանը հավելել է, որ վերոնշյալ հանգամանքների համադրության պարագայում ատոմակայանի և Սևան-Հրազդան կասկադի հոսանքի պահեստավորման նպատակահարմարությունն ապագայում կարող է կորցնել իր արդիականությունը։
Գործադիրի որոշմամբ կերկարացվի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ 2–րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով:
Հայկական ԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդն է ապահովում։ ՀՀ իշխանություններն էլ նախատեսել են մինչև 2036 թվականը կառուցել նոր էներգաբլոկ՝ գործողների փոխարինման նպատակով։






