AM
11 Հուլիս 2025 - 10:11 AMT

Firebird-ն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ՀՀ–ում 100 ՄՎ ԱԲ կենտրոնի ծրագիրը

Ամերիկյան Firebird ընկերությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում 100ՄՎ ԱԲ տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։

Նշվում է, որ դա նորարարական գործընկերություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ միտված հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջատար տարածաշրջանային դիրքի ամրապնդմանը։

«Հայ-ամերիկյան համագործակցության ու երկուստեք աճի հեռանկարն իրապես ոգևորիչ է»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանին, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:

Firebird ընկերությունը, ՀՀ Կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։