AM
11 Հուլիս 2025 - 10:29 AMT

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցության և ներդրումային հարցերը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական գործակցության և ներդրումային հարցերը։ Այդ մասին Միրզոյանը գրել է X–ի իր միկրոբլոգում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբիում ուղեկցելիս լավ զրույց ունեցա մի քանի առանցքային թեմաների շուրջ իմ գործընկեր Աբդուլլահ բին Զայեդի հետ: Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցությունը և ներդրումները բարելավելու ուղիները։ Տարածաշրջանային խաղաղությունը և փոխկապակցվածությունը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր»,- ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։