ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դավիթ Դանիելյանը հայտարարել է, որ «այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» անընդունելի է սյունեցիների և ամբողջ հայ ժողովրդի համար»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Կարող է լինել ճանապարհների ապաշրջափակում ՀՀ սուվերենության և ազգային իրավազորության սկզբունքի գերակայությամբ` չթողնելով տարընկալման տեղ:
Դատապարտելի են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության շուրջ տարատեսակ շահարկումները: Կոչ եմ անում հայկական մեդիա դաշտ չբերել այդ արտահայտությունը, չօգտագործել այդ հասկացությունը:
Հետևեք ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններին և մի տարածեք ապատեղեկատվություն»,–ասվում է գրառման մեջ։
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ «սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ–ն դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։ Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի խոսքը մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից աղճատվել է։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը»,–ասվում է հայտարարության մեջ։






