AM
11 Հուլիս 2025 - 14:28 AMT

«Ոսկե ծիրանի» բացմանը կարմիրի փոխարեն կցուցադրվի ֆրանսիացի դիզայներների գորգը

Այս տարի ևս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ժամանակ ավանդական կարմիր գորգ չի լինի։ Դրա փոխարեն կցուցադրվի յուրօրինակ գորգ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2024 թվականին հրաժարվեց բացման արարողության ավանդական կարմիր գորգից։ Փառատոնի համար AHA collective-ը թողարկել էր ժամանակակից «կարմիր գորգի» հավաքածու՝ արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ միասին, գրում է Sputnik Արմենիան։

Նախորդ տարի ավանդական կարմիր գորգից հրաժարվելը և արվեստագետ Դավիթ Քոչունցի գորգին նախապատվություն տալը շատ հաջողված ծրագիր էր և մեզ որոշակի մտքեր տվեց այս տարվա հետ կապված։ Նշեմ, որ նախորդ տարի ցուցադրված Դավիթ Քոչունցի գորգերն այժմ Ֆրանսիայում են և մասնակցում են միջազգային ցուցահանդեսի»,–ասել է Տյուրսը։

Նա հավելել է, որ այս տարվա գորգը պատրաստել են ֆրանսիացի դիզայներներ Ժան-Ֆրանսուա Դինքջյանը և Էլոիզ Շաֆան՝ Normal Studio-ից։

Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը նաև ընդգծել է, որ «Ոսկե ծիրան» փառատոնն իր մեջ կրում է կարևոր առաքելություն՝ նպաստելու հայ և ֆրանսիացի կինոարտադրողների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ծրագրերի խթանմանը։ Նրա խոսքով՝ այս տարվա փառատոնի ծրագրում ներառված են մի շարք հայ–ֆրանսիական համատեղ ֆիլմեր, որոնք այդ գործընկերության արդյունքն են։