AM
12 Հուլիս 2025 - 06:38 AMT

«ՀայաՔվե». ՀԷՑ-ի հարցով արբիտրաժում հաղթելու հավանականությունը շատ բարձր է

«ՀայաՔվե»-ն անդրադարձել է Հայաստանի էլեկտրացանցերի (ՀԷՑ) շուրջ ստեղծված իրավիճակին և դրա հնարավոր հետևանքներին ներդրումային միջավայրի համար՝ նշելով, որ ՀԷՑ-ն արդեն հայտարարել է, որ դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան ու «գրեթե վստահաբար հաղթելու է»:

«ՀԷՑ-ի խլումը սեփականատիրոջից կբերի մեր ներդրումային միջավայրի ոչնչացմանը:

• Պարզ է, որ երբ տեսնեն, թե ինչպես են անօրինական ճանապարհով սեփականաշնորհում ուրիշի ընկերությունը, ոչ ոք այլևս չի ցանկանա Հայաստանում ներդրում անել, իսկ այն մարդիկ, ովքեր արդեն արել են այդ ներդրումը, կսկսեն իրենց ներդրումները հանել Հայաստանից։

• Որքան էլ իշխանությունն ուզում է փոփոխված օրենքով զավթել ՀԷՑ-ը, միևնույն է՝ շատ դժվար է լինելու, որովհետև այն պաշտպանված է միջազգային պայմանագրերով:

Ավելին, ՀԷՑ-ն արդեն հայտարարել է, որ միջազգային արբիտրաժային դատարան է դիմելու ու գրեթե վստահաբար հաղթելու է:

Բացի դրանից, այդ համակարգը գնել են բավականին մեծ գնով:

Արժեքը եղել է մոտավորապես 220 մլն դոլար, եւ դեռ 680 մլն դոլարի էլ ներդրում է իրականացվել: Ինչ-որ մեկը պե՞տք է փոխհատուցի այդ գումարները։ Եթե պետությունն է փոխհատուցելու, նշանակում է` մեր եւ ձեր գրպանից են տալու։

Եթե չեն փոխհատուցելու, ապա լրջագույն արբիտրաժային գործընթացների մեջ ենք մտնելու, որը բերելու է Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման», – ասվում է հրապարակման մեջ, որը տարածվել է նախաձեռնության տելեգրամյան ալիքում:

Հրապարակման մեջ շեշտվում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ պետական մակարդակով հնարավոր զավթման քայլերը կարող են առաջացնել լուրջ միջազգային վեճեր և վնասել Հայաստանի տնտեսական հեղինակությանը։ Նշվում է նաև, որ եթե պետությունը որոշի փոխհատուցել ներդրումային կորուստները, այդ բեռը կընկնի հարկատուների վրա, իսկ եթե հրաժարվի փոխհատուցել, ապա Հայաստանը կարող է ներքաշվել տարիներ տևող իրավական գործընթացների մեջ, որոնք, ըստ «ՀայաՔվե»-ի՝ սպառնում են երկրի տնտեսության կայունությանը։

ԱԺ-ն օրերս իշխանության ձայների մեծամասնությամբ ընդունել է ՀԷՑ-ն ազգայնացնելու օրինագիծը, որով ընկերության կառավարումը պետք է փոխանցվի պետությանը: