AM
12 Հուլիս 2025 - 07:56 AMT

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Հոռեկա»-ին պատկանող սննդի կետի աշխատանքը սանիտարական խախտումների պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են անցկացրել «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում, որը գտնվում է Երևանի Արմենակյան փողոց 127 հասցեում։

Ստուգումների արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ այնպիսի խախտումներ, որոնք համարվել են անհամատեղելի արտադրական գործընթացի իրականացման հետ։

Մասնավորապես՝

  • հանրային սննդի կետում բացակայել են սննդամթերքից առանձին պահվող լվացվող և ախտահանող նյութերի համար նախատեսված տարածքներ,
  • սննդի մշակման կամ վերամշակման նպատակով նախատեսված գոտիներում հատակի որոշ հատվածներ գտնվել են վատթար վիճակում,
  • պատերն ունեցել են անհարթ մակերեսներ և չեն պատրաստվել հիգիենիկ ստանդարտներին համապատասխանող՝ անջրանցիկ, չներծծող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
  • առաստաղները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվեր կեղտի կուտակումը, խոնավության խտացումը կամ մասնիկների հնարավոր թափվելը,
  • ինչպես նաև արձանագրվել է, որ որոշ սարքավորումներ և պարագաներ, որոնք ունեն շփում սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման։

Այս բոլոր խախտումների հիման վրա «Տաշիր Հոռեկա» ընկերության տվյալ հանրային սննդի օբյեկտի արտադրական աշխատանքը կասեցվել է։ Ընկերությանը տրվել է ժամկետ՝ ի հայտ եկած խնդիրները վերացնելու և պահանջվող նորմերին համապատասխան աշխատանքը վերականգնելու նպատակով։

Համատարած ստուգումները սկսվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։

Կարապետյանին կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Նախօրեին նա հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու՝ քննադատելով իշխանություններին։

Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։ Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։