AM
12 Հուլիս 2025 - 08:00 AMT

«Թամարա ֆուդ»-ի 4 տեսակի մսամթերքի արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում և ստուգման ընթացքում մսամթերքի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներն ուղարկել են լաբորատոր հետազոտության։

«Ուսումնասիրությամբ բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ. «Խինկալի խոր սառեցված» (արտադրված՝ 26․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «Բորբոսասնկեր», «Պելմենի ընտանեկան» (արտադրված՝ 12․06․2025) և «Իշլի քյուֆթա» (արտադրված՝ 01․07․2025) արտադրատեսակների նմուշները՝ Listeria monocytogenes, «Մսով լցոնված բլինչիկ» (արտադրված՝ 27․06․2025) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ Tamara food): «Թամարա ֆուդ» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությանն առաջարկվել է արգելել նշված խմբաքանակների իրացումը, կազմակերպել դրանց հետկանչը շուկայից, ինչպես նաև ապահովել ոչնչացումը կամ օգտահանումը։