Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նա այդպես է արձագանքել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից վարձակալելու հնարավորության մասին, որտեղով ըստ դեսպանի կիրականացվի «Զանգեզուրի միջանցքը», հայտնում է Արմենպրեսը։
«Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաևւ՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետևաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»,–ասել է նա։
Բաղդասարյանին հարցրել են, թե գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը։
«ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»,–ասել է խոսնակը։






