Հուլիսի 14–ին Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում:
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ Կառավարության նպատակադրումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որով ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունը։ ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանը և հաշտեցմանը:
«Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։






