Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Երևանի քաղաքային բյուջեն կրել է 5 միլիարդ դրամի վնաս, ինչը, ըստ նրա, հետևանք է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Տիգրան Ավինյանի վարած քաղաքականության»։
«ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը՝ Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ուղեվարձը 100 դրամ էր ու իրականացվում էր ավելի պատշաճ, քաղաքացիների վճարում էին բարեխղճորեն։
Տրանսպորտի «բարեփոխում» անվան տակ, քաղաքացիներին դեմ գնալով ՔՊ-ն թանկացրեց ուղեվարձը 150 դր ու հիմա կանգնել են փաստի առաջ։
2025թ հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով, քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։
Ասե՛ք կանե՛նք, կարգախոսով քաղաքացիներին խաբածները ստացան հերթական ապտակը։
Չբարեփոխված թանկացած տրանսպորտի դեմ բոյկոտը շարունակական է լինելու։
Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու տղաներ ու աղջիկներ…»,-գրել է նա։
ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է վարչական պատասխանատվություն կիրառել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից՝ չկատարելով վճարում։ Տրանսպորտում չվճարող և նույնականանալ չցանկացող անձը կարող է վարչական ձերբակալության ենթարկվել։






