AM
15 Հուլիս 2025 - 12:49 AMT

Տնտեսվարողները գոհ չեն ՍԱՏՄ–ում հանդիպումից․ Նշվել է, որ ՀՀ-ից ՌԴ ծաղիկներ են արտահանվել մեկօրյա ընկերությունների միջոցով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն, անդրադառնալով ծաղիկների արտահանման հետ կապված խնդիրներին, ասել է, որ երկար ժամանակ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների զգալի մասը արտահանվել է մեկօրյա ընկերությունների միջոցով, առանց պատշաճ սանիտարական հսկողության։

«Բացել են ընկերությունը, հաջորդ օրը փակել, արդեն գոյություն չունեցող ընկերության սեփականատերերը կնիքը ձեռքներին գնացել են սահման, ներկայացել բեռը ստացող, վերցրել, տարել պահեստ ու վաճառել։ Այսինքն օգտվել են նրանից, որ ԵԱՏՄ երկրներից ապրանքների նկատմամբ վերահսկողությունը պարզեցված է»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նման եղանակով ընկերությունները կարողացել են խուսափել հարկային պարտավորություններից, ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքում պատշաճ հսկողությունից։ Պետրոսյանը հավելել է, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև կա պայմանավորվածություն՝ վերահսկողության խստացման վերաբերյալ։

«Հայկական կողմը չի տուժել այս գործարքից, իսկ ստացող կողմը տուժել է, քանի որ հարկեր չեն վճարվել։ Հիմա իրենք ասում են` ինչո՞ւ մենք պետք է տուժենք հայ արտադրողների պատճառով»,– ասում է Պետրոսյանը։

Նա նշել է, որ «Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է իր մասնագետներին ուղարկել ստուգումների համար, սակայն ժամանակ չկորցնելու նպատակով ՍԱՏՄ-ն որոշում է կայացրել ինքնուրույն սկսել ստուգումներ։ Ռոսսելխոզնադզորի նախաձեռնությամբ ստուգումների կրկնությունը հնարավոր կլինի իրականացնել տեսակապի միջոցով։

Ջերմոցային տնտեսություններում ստուգումները նախատեսվում է անցկացնել ամեն օր՝ դրանց արդյունքներն ուղարկելով ռուսական կողմին։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի պայմանավորվել արտահանման կոնկրետ խմբաքանակների թույլտվության շուրջ։

Այս հարցերի շուրջ ՍԱՏՄ ղեկավարությունն այսօր հանդիպում է ունեցել ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո վերջիններս լրագրողներին փոխանցել են, որ քննարկումից գոհ չեն մնացել։ Արտակ Թովմասյանը հայտնել է, որ իրենց հարցերին հստակ պատասխաններ չեն ստացել։

Ջերմոցների սեփականատերերն ընդգծել են, որ ՍԱՏՄ-ն, իր ռեսուրսներով, ֆիզիկապես ի վիճակի չէ ստուգել բոլոր ջերմոցները։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ մինչ ստուգումների ավարտը ծաղիկները կկորցնեն իրացվելիությունը։

Բացի այդ, տնտեսվարողներն առաջադրել են կարծիք, թե հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից սահմանված արգելքը ունենա քաղաքական նպատակ։

«Եթե ես 15 տարի ծաղիկ եմ ուղարկել Ռուսաստան, ու եթե անգամ ինչ–որ խախտումներ են եղել ու էդ ծաղիկների մի մասը այրել են, ապա դա իմ խնդիրն է եղել, դրանից չպիտի տուժեն մյուս արտադրողները։ Բայց հիմա եթե համատարած չեն թողնում, ապա դա արդեն քաղաքական խնդիր է»,- ասել է տնտեսվարող Արտակ Թովմասյանը։

Թովմասյանը նաև նշել է, որ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչները ծրագրում են այսօր հավաք կազմակերպել Զվարթնոց գյուղում՝ որոշելու հետագա գործողությունները։

Հարցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ տնտեսվարողներին չի տրվում պաշտոնական պարզաբանում, թե ինչո՞ւ է ռուսական կողմն արգելել Հայաստանից ծաղիկների արտահանումը։

«Մինչ իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված են «ահաբեկիչների» հայտնաբերմամբ և հակաեկեղեցական գործողություններով, բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գյուղատնտեսությունն ու արտահանումը հայտնվել են խայտառակ վիճակում։

Վարկերով ջերմոցներ ստեղծած մեր հարյուրավոր հայրենակիցներն ամեն օր կրում են ֆինանսական ահռելի կորուստներ, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ոլորտի համար։ Չկարողանալով այդ քանակության ծաղիկներն իրացնել տեղի շուկայում՝ արտահանողները ստիպված են լինում թափել դրանք։

Խնդրի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որի վարած քաղաքականությունը ջախջախիչ հարված է հասցնում մեր տնտեսությունը։ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը հանգեցնելու է կործանարար հետևանքների։ Դե, իսկ ոլորտի պատասխանատու նախարարը «չափազանց կարևոր» հանձնարարություն է կատարում՝ միանալով հակաեկեղեցական, հակազգային արշավին՝ իրեն վստահված ոլորտը թողնելով բախտի քմահաճույքին:

Քանի սրանք են իշխանության, որևէ խնդրի լուծման սպասել պետք չէ։ Իշխող խմբակն իր անմիջական պարտավորությունները 7 տարում չի կատարել և չի կատարելու։ Սրանց վերջնանպատակը մեկն է՝ մեր տնտեսությունը հանձնել թուրքերին»,-գրել է պատգամավորը։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել է, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան արտահանված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում արձանագրվել են խախտումներ։ Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել Հայաստանից ներկրվող կտրված ծաղիկների ծավալների կտրուկ աճի և բույսերում հայտնաբերված կարանտինային օբյեկտների պարբերական դեպքերի կապակցությաmb: