AM
15 Հուլիս 2025 - 14:05 AMT

ՌԴ–ում ասել են, որ պետական չափորոշիչներին չհամապատասխանող հայկական կոնյակի մասնաբաժինը հասել է 85%–ի

Հայկական կոնյակի զգալի մասնաբաժինը ռուսական շուկայում չի համապատասխանել ՌԴ օրենսդրությամբ և պետական չափորոշիչներով սահմանված պահանջներին՝ հասնելով 85 տոկոսի։ Այս տվյալները ներկայացրել են «Սոյուզկոնյակ» կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրության միությունը և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային կազմակերպությունը։

«Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» դիտարկումների արդյունքում պարզվել է, որ մի շարք հայաստանյան ընկերություններ բուրավետիչներ են խառնել ռուսաստանյան շուկային հասցվող կոնյակին, իսկ արտադրանքի կեսում օգտագործվել է ոչ խաղողի ծագման սպիրտ։ Փորձագետների գնահատմամբ՝ նման արտադրանքը չի կարող համարվել կոնյակ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշվում է, որ 2024 թվականի օգոստոսին ՌԴ-ում վաճառվող ստանդարտներին չհամապատասխանող հայկական կոնյակի մասնաբաժինը կազմել է 90 տոկոս։ Կանոնների խստացման արդյունքում այս ցուցանիշը 2025 թվականի մայիսին նվազել է մինչև 80 տոկոս, սակայն խախտումների թիվը կրկին աճել է։ «Սոյուզկոնյակը» հայտնել է, որ այս վատթարացման պատճառն այն է, որ արտադրողները շատ արագ հարմարվել են վերահսկողության տարբեր մեխանիզմներին։

«Անտիկոնտրաֆակտի» ղեկավար Վլադիսլավ Ռեզնիկը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ։ Նրա խոսքով, հայկական իշխանությունները տեղյակ են խնդրին և ներկայացրել են ռուսական կողմին լուծումների իրենց տարբերակները, սակայն արդյունքը առայժմ տեսանելի չէ։

«Դրա փոխարեն աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակի արտադրանքի ծավալը, այնպես էլ մատակարարումների ընդհանուր քանակում դրա մասնաբաժինը»,– ասել է Ռեզնիկը։

Վերլուծության արդյունքները ներկայացվել են ՌԴ Ալկոհոլային շուկայի վերահսկողության դաշնային ծառայությանը, Դաշնային մաքսային ծառայությանը, գլխավոր դատախազությանը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններին։

Սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է գործարկել կոնյակի իզոտոպային լաբորատորիա, որը հնարավորություն է տալու պարզել՝ արդյոք արտադրանքը հիմնված է միայն խաղողի սպիրտի վրա, թե պարունակում է նաև այլ աղբյուրներից ստացված բաղադրիչներ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կոնյակի արտադրությունը 2025 թվականի առաջին եռամսյակում գրեթե 40 տոկոսով նվազել է՝ կազմելով 3 միլիոն 249 հազար լիտր։