«Փարաջանովի յասամանագույն քամին» վավերագրական կինոնկարը հուլիսի 16-ին ցուցադրվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Վավերագրական ժապավենը նվիրված է նշանավոր ռեժիսորի ծննդյան 100-ամյակին։
Ֆիլմը ներկայացնում է Ալի Խամրաևի և Սերգեյ Փարաջանովի գործընկերային հարաբերությունն ու ընկերությունը՝ նկարագրելով այն որպես խորին ու ջերմ հետք թողած կապ ուզբեկ ռեժիսորի սրտում, հայտնում է Factor.am-ը։
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Ռոտերդամի 54-րդ կինոփառատոնում՝ արժանանալով միջազգային արձագանքի։ Դրա ստեղծման գործընթացին մասնակցել են տարբեր հետխորհրդային երկրների կինոարվեստի ներկայացուցիչներ։ Անվանումը՝ «Յասամանագույն քամին», կապվում է մի պատմության հետ, երբ Փարաջանովը իր հնչյունային ռեժիսորից խնդրել է փոխանցել «քամու յասամանագույն ձայնը»։
«Այս տարի լրանում է իմ և Փարաջանովի ծանոթության 40 տարին։ Բախտ եմ ունեցել անձամբ ծանոթանալու նրա հետ 1985-ի աշնանը՝ Երևանում։ Եվ ահա վերջին 3 տարում ավագ ընկերներս ներգրավեցին ինձ ֆիլմի աշխատանքներում, Փարաջանովին առնչվելու պատիվ ընձեռվեց»,- պատմել է ֆիլմի պրոդյուսեր Գարս Խաչատրյանը։
Ֆիլմում ներառված են բացառիկ լուսանկարներ և տեսագրություններ, որոնք առնչվում են Փարաջանովին, այդ թվում՝ եզակի կադրեր Սեն-Լուիի հիվանդանոցից։ Բացի դրանից, ներկայացվում են նաև նրա ժամանակակիցների ու մտերիմների պատմությունները՝ Արտավազդ Փելեշյանից մինչև Տիգրան Մանսուրյան։
Կինոնկարը նկարահանվել է միաժամանակ մի քանի երկրում՝ Հայաստանից մինչև Իտալիա՝ ներառյալ Վրաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը և Ռուսաստանը։ Այն ընդգրկում է նաև Փարաջանովի այցը Տաշքենդ, որի ժամանակ նա հանդիպել է իր արվեստի երկրպագուների հետ։ Խամրաևը նշում է, որ ֆիլմն իրեն համար չափազանց անձնական է, քանի որ Փարաջանովին պատկերել է այնպիսին, ինչպիսին ինքն է նրան տեսել։
Իսկ վավերագրականը նկարահանելու գաղափարն, ըստ Խամրաևի, ծնվել է դեռ 2023 թվականի գարնանը։ Ֆիլմի սցենարի հեղինակը հենց ինքը՝ Խամրաևն է, իսկ օպերատորական աշխատանքներն իրականացրել է Յուրի Կլիմենկոն։ Ցուցադրությունից առաջ հանդիսատեսին տեսաուղերձներով դիմել են Ալի Խամրաևն ու ռեժիսոր Ռոման Բալայանը։
«Մի անգամ ֆիլմի օպերատոր Յուրային ասացի, որ շուտով կլրանա Փարաջանովի ծննդյան 100-ամյակը և առաջարկեցի այդ առթիվ ֆիլմ նկարահանել, ասացի՝ ես ռեժիսոր եմ, դու օպերատոր, արի անե՛նք դա։ Նա պատասխանեց՝ համաձայն եմ։ Զանգահարեցի Ռոման Բալայանին՝ Փարաջանովի մեծ երկրպագուին, որն անձամբ էր ճանաչում նրան, ավելի ուշ զանգահարեցի Գարս Խաչատրյանին՝ ռեժիսորի արվեստի մեծ երկրպագուին, հետո արդեն կապ հաստատեցինք Փարաջանովի թանգարանի հետ, այդպիսով՝ եկանք Հայաստան, երևանյան նկարահանումները բավական հաջող անցան, մեզ, իսկապես, շատ օգնեցին, և ահա, ֆիլմը կյանքի կոչվեց»,-իր ուղերձում նշել է Խամրաևը։
Գարս Խաչատրյանը հավելել է, որ հատկապես արժեքավոր են Ուկրաինայում կատարված նկարահանումները, որոնք տեղի են ունեցել հենց պատերազմի ժամանակ․ «Մի շարք կարևոր կադրեր նկարահանել ենք այնտեղ, բոլոր պատմությունները, որոնք պատմում է Ռոման Բալայանը, հենց Կիևում ենք նկարահանել»։
Փարաջանովին հաճախ լուսանկարած Յուրի Մեչիտովը Factor TV-ի հետ զրույցում ընդգծում է, որ ֆիլմի կարևորությունն այն է, որ դրա հեղինակներն անձամբ ճանաչել են Փարաջանովին։
«Թե չէ՝ կան հեղինակներ, որոնք նկարահանում են Փարաջանովի մասին ֆիլմ՝ առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ ծանոթ լինելու։ Ինքս շատ եմ լուսանկարել Փարաջանովին, մոտ 2000 լուսանկար եմ արել, բայց ափսոսում եմ, որ ձեռքումս չունեի տեսախցիկ, որպեսզի ֆիքսեի բոլոր այն զարմանալի, խելագարվելու պատմությունները, որոնք նա պատմում էր, օրինակ՝ բանտային կյանքից։ Նա ասում էր՝ ինձ հանճար դարձրել է սովետական իշխանությունը։ Միշտ, միշտ ուներ ասելիք»,–ասել է նա։
Գարս Խաչատրյանը նշել է, որ «Փարաջանովի յասամանագույն քամին» հնարավոր է՝ մոտ ապագայում ներկայացվի նաև միջազգային կինոփառատոններում՝ որպես նրանց հարգանքի և երախտիքի արտահայտություն Փարաջանովին։
«Սա մեր ձոնն էր ու խոստովանանքը՝ Փարաջանովին»,- ասել է նա։
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված 2024-2025 թթ. հոբելյանական իրադարձությունների պաշտոնական օրացույցում։






