AM
18 Հուլիս 2025 - 09:06 AMT

Մատենադարանը կգործարկի աշխարհում հայտնի հայերեն բոլոր ձեռագրերը ներկայացնող հարթակ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ հանրահայտ Մատենադարանն, արդեն շուրջ տասնութ տարի շարունակ իրականացրել է թվայնացման լայնածավալ նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով հանրայնացնել հայ գրերը, գրականությունն ու մշակութային ժառանգությունը։

2026 թվականի առաջին ամիսներին նախատեսվում է գործարկել բացառիկ մի հարթակ, որտեղ առցանց եղանակով հասանելի կլինեն ամբողջ աշխարհում հայտնի գրեթե բոլոր հայերեն ձեռագրերի բարձրորակ պատկերներն ու նկարագրությունները։ Այս նախաձեռնության միջոցով հնարավոր կդառնա գոնե թվային ձևով միավորել բազմազան, երբեմն ցրված, բայց անգին հայկական ձեռագրական հարստությունը, հայտնում է Արմենպրեսը։

Խոսքը գնում է տասնյակ հազարավոր հին ձեռագրերի, մատյանների ու գրքերի մասին, որոնք հիմնականում պահվում են տարբեր երկրների հաստատություններում։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել կյանքի կոչել այնպիսի նախագծեր, որոնք անգամ մեկ-երկու տասնամյակ առաջ կարող էին երազանք թվալ։

Մատենադարանի տնօրենի բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով խորհրդական, ձեռագրերի թվայնացման և ձեռագրագիտական բաժնի համակարգող Գուրգեն Գասպարյանը ներկայացրել է այս նոր դարաշրջանի հեռանկարները։

Նրա փոխանցմամբ, դեռ 2007 թվականից մեկնարկած թվայնացման ամենօրյա գործընթացի արդյունքում այսօր արդեն հասանելի են դարձել Մատենադարանում պահվող մոտ 13 հազար հայերեն ձեռագրերից շուրջ ութ հազարի պատկերներ։ Բաժինը, ի դեպ, ոչ միայն թվայնացնում է նյութերը, այլև տրամադրում է դրանց հասանելիությունը հայագետներին՝ ըստ ուսումնասիրության պահանջի։

Գասպարյանը ընդգծել է, որ Մատենադարանը թվայնացման սկզբունքների առումով առաջատար է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Այստեղ մշակված մոտեցումներն օրինակը կարող են ծառայել նմանատիպ կենտրոնների համար։

«Տարիների ընթացքում մեր բաժինը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, որոնց մի մասը ձեռք է բերվել պետական կամ մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ Օգտագործում ենք բարձրակարգ սքաներներ, որոնց միջոցով ստացվում են բարձր որակի պատկերներ։ Բացի այդ, մենք համագործակցում ենք նաև արտերկրի հայագիտական կենտրոնների հետ՝ տրամադրելով խորհրդատվություն թվայնացման հարցերով։ Նման կառույցներ են, օրինակ, Երուսաղեմը, Վենետիկը, Վիեննան, Փարիզի ազգային գրադարանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի կենտրոնները։ Սա կարևոր նախապայման է Մատենադարանի նախաձեռրած լայնածավալ միջազգային ծրագրի իրականացման համար, որի նպատակն է համախմբել բոլոր հայերեն ձեռագրերի պատկերները՝ ձևավորելով ամբողջական պատկեր մեր մշակութային հարստության մասին»,- նշել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝ այս պահին աշխատում են նոր ծրագրաշարի մշակման վրա, որի օգնությամբ ձեռագրերը համացանցով հասանելի կլինեն օգտատերերին՝ համալրված մանրամասն նկարագրություններով։ Նախատեսվում է, որ այս հարթակը գործարկվելու է 2026-ի սկզբին։ Նախագիծն իրագործվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

«Այս ծրագրի միջոցով ցանկացած հայագետ, ուսումնասիրող, գիտնական վայրկյանների ընթացքում կկարողանա գտնել իրեն հետաքրքրող բովանդակային տեղեկատվությունը: Նախկինում դա կարող էր մինչև իսկ տասնյակ տարիներ տևել: Հիմա անհրաժեշտ ձեռագրի կամ մատյանի մասին տեղեկատվությունը և բոլոր աղբյուրներում դրան առնչվող ինֆորմացիան հնարավոր է գտնել շատ արագ: Դա անչափ կարագացնի հայագիտության զարգացումը և կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- գտնում է Գուրգեն Գասպարյանը։

Նա հավելել է նաև, որ Մատենադարանում իր մեկ այլ գործառույթ առնչվում է ձեռագրերի նկարագրությունների համակարգմանն ու դրանց հրատարակմանը։ Աշխատանքները ամփոփվում են «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց» շարքով, որից մինչ օրս լույս է տեսել 11 հատոր՝ ընդգրկելով մոտ 3700 ձեռագրի նկարագրություն։

«Դրանք մանրամասն նկարագրություններ են, որոնք վերաբերում են ձեռագրի արտաքին տեսքին, մանրանկարչությանը, առկա նյութերին և այլն: Սա նույնպես շատ կարևոր է հետազոտողների համար, որովհետև յուրաքանչյուր ուսումնասիրություն սկսվում է աղբյուրների որոնումից՝ միջնադարում ինչ ենք ունեցել այդ թեմայի վերաբերյալ: «Մայր ցուցակ»-ը, որում մեր ձեռագրերն առաջին անգամ են այդպես մանրամասն նկարագրված, գիտնականներին նորից հնարավորություն է տալիս հազարավոր ձեռագրեր թերթելու փոխարեն արագորեն գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը: Հենց «Մայր ցուցակ»-ի տեղեկատվության հիման վրա ենք ստեղծում արդեն նշածս հարթակը, որում հետագայում ներառելու ենք նաև արտասահմանյան կենտրոններում պահվող հայերեն ձեռագրերի նկարագրությունները: Այդպիսով, կստեղծվի մի ամբողջական էլեկտրոնային հարթակ, որը կունենա արհեստական բանականության ծրագրերի վրա հիմնված տարբեր շերտեր»,- ներկայացրել է Գասպարյանը։

Նրա գնահատմամբ՝ աշխարհում նախնական տվյալներով առկա է մոտ 35-40 հազար հայերեն ձեռագիր, որոնցից 12-13 հազարը գտնվում է հենց Երևանի Մատենադարանում։ Նա շեշտել է, որ դժվար թե երբևէ հնարավոր լինի բոլոր ձեռագրերը վերադարձնել հայրենիք, քանի որ արտասահմանյան պահոցները շատ զգուշավոր են նման հարցերում։

Գասպարյանը բացառիկ կարևորություն է տվել իրենց մասնագետների ծավալուն աշխատանքին՝ վստահ լինելով, որ այս ծրագրերը զգալի նպաստ են դառնալու հայկական մշակույթի տարածմանն ու հայագիտության զարգացմանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Նրա խոսքով՝ այս առումով կարևոր է հայագիտական գիտաժողովների ու համաժողովների անցկացումը, որոնք խթանում են գիտական քննարկումները, կապերի ձևավորումը հետազոտողների միջև և հայ մշակույթի պատշաճ ներկայացումը միջազգային հարթակներում։