Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ կիսում է մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունները՝ կապված ջրամատակարարման խնդիրների հետ։
Նա հավելել է, որ փոխվարչապետի գրասենյակում արդեն զբաղվում են խնդրի լուծմամբ, հայտնում է Արմենպրեսը։
«Ես միանշանակ համաձայն եմ բոլոր երևանցիների դժգոհության և մտահոգության հետ։ Իհարկե, «Վեոլիա ջուր» ընկերությունը, մեր Ջրային կոմիտեի գործընկերներն ունեն հիմնավորումներ և բացատրություններ, բայց, կարծում եմ, մեզ արդեն իսկ պետք են լուծումներ։ Գիտեմ, որ կառավարությունը, փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է այդ հարցով։
Ես հուսով եմ, որ այդ լուծումները օր առաջ կհասունանան և կիրականացվեն, որովհետև իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում»,-նշել է Ավինյանը։
2016թ․ ՀՀ Կառավարությունը ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի, պայմանագիր է կնքել ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժերեալ Դեզ Օ» ԿԲ ընկերության և վերջինիս կողմից Երևանում ստեղծված Վարձակալ ընկերության՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագիրը մեկնարկել է 2017 թվականի հունվարի 1-ից:
Վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուր ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի-ջրմուղկոյուղի, Շիրակ-ջրմուղկոյուղի և Նոր Ակունք ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում:






