AM
18 Հուլիս 2025 - 13:45 AMT

Ազնավուրի արձանի հեղինակ․ Նորմալ են քննադատությունները, տարբեր կարծիքները, նշանակում է՝ ինչ-որ բան ստացվել է

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բացվել է մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Մինասյանը՝ մեկուկես տարվա ընթացքում։

Նա նշել է, որ ծանոթ է հնչող քննադատություններին, նաև լավ կարծիքներին։

«Նորմալ է և բնական։ Երբ որ կան տարբեր կարծիքներ, ավելի է կենդանացնում, նշանակում է՝ ինչ-որ բան ստացվել է»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ քանդակ ստեղծելը բավականին երկար պրոցես է։

«Ազնավուրը ներկայացված է «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Նա օդում է, ներքևում հանդիսատեսի ձեռքերն են։ Բոլորն Ազնավուրին բարձրացրել են վերև։ Հատուկ արձանն առանց պատվանդանի եմ արել»,- ասել է Մինասյանը։

Նա հավելել է, որ այս մեկուկես տարվա ընթացքում «անձամբ ճանաչեցի Ազնավուրին»։

Երևանի Ազնավուրի hրապարակում բացվել է մեծն շանսոնիեի արձանը: Քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, այն ձուլվել է Գյումրիում:Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել և ամբողջությամբ ֆինանսավորել է արձանի տեղադրման աշխատանքները։

Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով հանդիսանում է նաև «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիրն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը, Երևանի Ազնավուրի հրապարակում կայացած արձանի բացման արարողության ժամանակ պատմել է հոր՝ Հայաստանի հանդեպ ունեցած խոր կապվածության մասին։